Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղը նոր անուն կունենա և կկոչվի «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։ Այս որոշման մասին Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում ասել է գյուղերի անվանակոչման հանձնաժողովի անդամ Իրինե Մաճարաշվիլին։
Ի դեպ, գյուղի բնակչության մի մասը պահանջում էր բնակավայրն անվանել «Մամեի»` պնդելով, որ գյուղը նախկինում այդ անունով է կոչվել։
«Գյուղի բնակչության ներկայացրած «Մամեի» անունը ոչ մի տեղ ամրագրված չէ, մենք փնտրել ենք պատմական հիմնավորում, բայց «Մամեի» տեղանունը չի հիշատակվել ոչ 19-րդ դարում, ոչ էլ 20-րդ դարում, ուստի մենք հիմք չունենք այդ անվամբ կոչելու գյուղը»,- ասել է Մաճարաշվիլին։
Այս դիրքորոշման վերաբերյալ գյուղացիների կարծիքը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք. 2022 թվականի ապրիլի 19-ին Մառնեուլիի սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն նշել է, որ քաղաքապետարանը բնակիչների հետ քննարկման արդյունքում Կիրովկա գյուղի համար նախատեսված 5 անուններից ընտրել է երկուսը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն), ոչ թե Կիրովկա գյուղի բնակիչների առաջարկած «Մամեի» հին անունը։
Ավելի ուշ՝ Կիրովկա գյուղի անվանափոխության գործընթացում գյուղացիներին ներգրավելու նպատակով, նախաձեռնող խումբ էր ստեղծվել։