Ներկայացնում ենք «Ֆրեյա միության» կանանց քարոզարշավի շրջանակներում՝ People in Need միջազգային կազմակերպության և ԵՄ-Չեխիայի զարգացման գործակալության «Քաղաքացիական հասարակության դերակատարները որպես փոփոխության նախաձեռնողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի աջակցությամբ պատրաստված հոդվածների շարք։ «Ալիք մեդիան» ծրագրի մեդիա-գործընկերն է:
Աննա Թվարաձեն 2006 թվականից որպես իրավաբան աշխատում է «Իրավունքները՝ Վրաստանի» (նախկին Սահմանադրության 42 հոդված) կազմակերպությունում: Նա աշխատել է մի շարք ռեզոնանսային գործերի վրա։ Եղել է տարբեր նախագծերի համակարգող։ Ներկայումս իր հիմնական գործունեությանը զուգընթաց ներգրավված է տարբեր նախագծերում՝ որպես հրավիրված դասընթացավար, ինչպես նաև իրավաբան:
Կինն ու սեփականությունը
Քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է կանանց և տղամարդկանց հավասարությունը։ Բոլոր տեսակի խտրականությունն անընդունելի է: Յուրաքանչյուր պետության անմիջական պարտականությունն է ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն կանանց և տղամարդկանց հավասարությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Գենդերային հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց իրավունք՝ հավասարապես մասնակցելու քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման գործընթացներին և օգտվելու հանրային բարիքներից, հնարավորություններից և ռեսուրսների հավասար հասանելիությունից:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ տղամարդիկ և կանայք հավասար են և ունեն նույն իրավունքները։ Նրանց հավասարությունը տարածվում է սեփականության և ժառանգության վրա: Հավասար գույքային իրավունքները պաշտպանված և ճանաչված են օրենքով, որը տարբերակում է ամուսինների անհատական և համատեղ սեփականությունը:
Կանայք բախվում են ֆինանսական դժվարությունների
Վրաստանում, ինչպես և այլ երկրներում, կանայք հիմնականում միկրո և փոքր բիզնես են ներկայացնում և հաճախ բախվում են ֆինանսական դժվարությունների:
Չնայած նրան, որ կինն ավելի հաճախ ֆինանսավորման կարիք ունի, կին ձեռնարկատիրոջ համար դա կապված է լրացուցիչ դժվարությունների հետ։ Պատճառը հաճախ այն է, որ անշարժ գույքը գրանցված է տնային տնտեսության գլխավորի անունով, և նրանց մեծ մասը, հատկապես գյուղական բնակավայրերում, (69,4%) տղամարդիկ են։
Կնոջ համար դժվար է գույքով վարկ ապահովել, թեկուզ առանց տղամարդու թույլտվության։ Նաև այն տնային տնտեսությունները, որտեղ կանայք են ղեկավարներ և որոշումներ կայացնողներ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ունեն եկամտի ավելի քիչ անկախ և կայուն աղբյուրներ, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց համար բարձր տոկոսադրույքներ վերցնելը և/կամ մարելը:
Թեև օրենսդրական մակարդակում կնոջ դերն առանձնացված չէ, խտրականության պրակտիկան միանգամայն տարբեր է:
Օրինակ՝ օրենսդրության մեջ չկան պաշտոններ, որոնք կարող են զբաղեցնել միայն տղամարդիկ, և ըստ պաշտոնական ներքին կանոնակարգի՝ նույն պաշտոնի համար կանայք և տղամարդիկ չպետք է տարբեր վարձատրվեն։ Իրականում կանայք 40%-ով ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ։ Ընդ որում, ղեկավար, հետևաբար՝ ավելի բարձր վարձատրվող պաշտոններում հիմնականում տղամարդիկ են։ Նաև տարբեր որակական հետազոտություններ ցույց են տվել, և փորձագետների կարծիքները նույնպես մեծապես համաձայն են այս կարծիքի հետ, որ նույնիսկ հավասար պայմաններում տղամարդն ավելի մեծ հնարավորություն ունի առաջխաղացման, քան կինը:
Նյութի բովանդակությունը բացառապես «Ֆրեյա միության» պատասխանատվությունն է, և այն կարող է չարտացոլել դոնորի տեսակետները: