«Կին թեկնածուի նկատմամբ զանգվածային հարձակումներն անընդունելի են ժողովրդավարական հասարակությունում և ոչ մի կերպ չեն ծառայում վրաց ժողովրդի շահերին», — Եվրախորհրդարանի լիագումար նիստին այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ Անա Գոմեշը:
Ըստ Գոմեշի՝ Վրաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցել է խաղաղ և մրցակցային միջավայրում:
«Մենք հետևել ենք այս ընտրություններին: Նախընտրական շրջանը լարված էր: Անհրաժեշտ է, որ բոլորը, ներառյալ կառավարությունը, լրատվամիջոցները և թեկնածուները, պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և էլ ավելի չխորացնեն բևեռացումը և ատելությամբ չլցվեն: Իսկ կին թեկնածուի նկատմամբ զանգվածային հարձակումներն անընդունելի են», — ասել է Անա Գոմեշը:
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում:
Նախագահի թեկնածուն համոզված է, որ սպառնալիքների հեղինակները ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ կապ ունեցող նախկին զինվորականներ են:
«Սպառնալիքներն իրական են, հասկանալի է, թե ովքեր են հեղինակները։ Նրանք նախկին զինվորականներ են, որոնց գրառումներից պարզ է, որ կապ ունեն «Ազգային շարժման» ղեկավարների հետ»,- հայտարարել էր Զուրաբիշվիլին: