Կին գործընկերներին վիրավորած պատգամավորը զրկվել է Լատվիայի հյուպատոսի պաշտոնից

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Բեքա Օդիշարիան, որ սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել խորհրդարանի դահլիճում ներկա ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին, զրկվել է Վրաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոսի պաշտոնից։

Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցին Վրաստանում Լատվիայի դեսպանատնից փոխանցել են, որ Օդիշարիան այս փուլում պատվավոր հյուպատոս չէ։

Լատվիայի արտաքին գործերի նախարարության կայքում նշված է, որ երկիրն ունի երկու պատվավոր հյուպատոս՝ Իվլիանե Ծուլաիան Իմերեթիի շրջանում և Միխեիլ Խունդաձեն Կախեթիի շրջանում։ Այդ պաշտոնը 2012 թվականից զբաղեցնող Խունդաձեն ասել է, որ Օդիշարիան Լատվիան ներկայացնում էր Աջարիայում:

Ի դեպ, պատվավոր հյուպատոս Օդիշարիային պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը ներկայացրել էր Լատվիայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիհարդս Կոլսը։ Ընդդիմադիր կին պատգամավորների դեմ Օդիշարիայի հայտարարությունը նա որակել է «նողկալի» և «խայտառակ»։ Քաղաքական գործիչը դիմել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը և Սեյմի պատգամավոր Աիվա Վիկսնեին, որը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի հետ համագործակցության խումբը։

Հիշեցնենք. ապրիլի 3-ին, խորհրդարանում գենդերային քվոտաների չեղարկման հարցի քննարկման ժամանակ, Օդիշարիան վիրավորել էր ընդդիմադիր կին պատգամավորներին։ Ավելի ուշ` Օդիշարիան ներողություն է խնդրել: