Վրաստանի ընդդիմադիր կին պատգամավորները սկսում են «Խորհրդարանականները եվրոպական ապագայի համար» քարոզարշավը, որի շրջանակում հանրային հանդիպումներ են անցկացնելու շրջաններում բնակչության հետ։ Նրանց խոսքով, քարոզարշավի նպատակն է ուժեղացնել հաշվետվողականությունը բնակչության հետ։
Վրաստանի տարբեր քաղաքներում ընդդիմադիր կին խորհրդարանականները քաղաքացիների հետ կքննարկեն ներկա օրենսդրական մարտահրավերները, ինչպիսիք են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և դրա քաղաքական, տնտեսական և իրավական հետևանքները Վրաստանի քաղաքացիների համար։
Շրջաններում հանրային հանդիպումներին կմասնակցեն ընդդիմադիր կին պատգամավորներ՝ Թեոնա Աքուբարդիան, Խատիա Դեկանոիձեն, Թամար Կորձաիան, Թինաթին Բոկուչավան, Անա Ծիթլիձեն, Սալոմե Սամադաշվիլին և Անա Նացվլիշվիլին։ Հանդիպման ժամանակացույցը հետևյալն է.
- հունիսի 17՝ Քութայիսի,
- հունիսի 18՝ Զուգդիդի,
- հունիսի 19՝ Բաթումի,
- հունիսի 20՝ Օզուրգեթի,
- Հունիսի 22՝ Գորի:
Հիշեցնենք. Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, չնայած երկու ամիս տևած բողոքի ցույցերին և միջազգային գործընկերների քննադատություններին, ընդունել է «գործակալների օրենքը»: Իշխող թիմը հաղթահարել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, այսպիսով՝ կիրարկելով օրենքը: