
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, երբ մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին ելույթ էր ունենում ամբիոնի մոտ, ընդդիմադիր կին պատգամավորներ Թինա Բոկուչավան, Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն և Թամար Կորձաիան մոտեցել են նրան, պարզել իշխող «Վրացական երազանք» կուսակցության լոգոն և ռուսերեն «Русский военный корабл , иди на х…» մակագրությունը:
Ծուլուկիանին այսպես է դիմել ամբիոնի մոտ հասած կին պատգամավորներին. «Ողջույն տիկնայք: Բացեք պաստառը, ես կշարունակեմ։ Կարևորը՝ չհոգնեք»։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդդիմադիրներին կոչ է արել լքել դահլիճը, իսկ հետո ստիպողաբար է հեռացրել նրանց և նիստում տեխնիկական ընդմիջում հայտարարել: Ընդմիջումից հետո Պապուաշվիլին խոսել է կատարվածի մասին և ասել, որ այս միջադեպը ամոթալի է։
Ծուլուկիանին ընդդիմադիր պատգամավորներին համբերություն է մաղթել: