Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական պաստառներին:
Կիևը Վրաստանի կառավարությանը և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել ներքաղաքական պայքարում զերծ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմի թեման օգտագործելուց։ Ուկրաինան դատապարտում է «Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառների վրա պատերազմի կադրերի օգտագործումը։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում և անթույլատրելի է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անողոք պատերազմի սարսափելի հետևանքների, հազարավոր անմեղ մարդկանց տառապանքն ու արյունը, եկեղեցական մասունքների և մշակութային ժառանգության ոչնչացումը քաղաքական գովազդում օգտագործումը։
Վրաց ժողովուրդը կարող է չվախենալ նոր պատերազմից, քանի դեռ Ուկրաինան դիմադրում է ռուսական ագրեսիային։ Այս դիմադրության սարսափելի գինը նաև Վրաստանի խաղաղության գինն է»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ Ուկրաինայի արտաքին գերատեսչության՝ Կիևը հետևողականորեն և հաստատակամորեն կշարունակի աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում. «Մենք հուսով ենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցնեն խաղաղ ու ժողովրդավարական պայմաններում, և վրաց ժողովուրդը կշարունակի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական կուրսը»։
Սեպտեմբերի 26-ին Թբիլիսիում և Վրաստանի տարբեր շրջաններում հայտնվել են «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական պաստառները՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» գրությամբ։ Որոշ պաստառների վրա ձախ կողմում պատկերված է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բոգորոդիչնե գյուղի ռմբակոծությունից ավերված եկեղեցին, իսկ աջում՝ Թբիլիսիի Սամեբայի տաճարը։ Պաստառների ձախ կողմում սև ու սպիտակ լուսանկարներ են, իսկ աջ կողմում՝ գունավոր։
Մեկ այլ պաստառում ձախից պատկերված է ավերված Մարիուպոլի թատրոնը, իսկ աջում՝ Սենակիի թատրոնը, որը վերականգնվել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Քարթու հիմնադրամի» կողմից։
Պաստառների ձախ կողմում, որտեղ պատկերված են պատերազմի ժամանակ ավերված ուկրաինական շենքերը, ջնջված են հետևյալ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ընտրական համարները.
- 4 — «Կոալիցիա փոփոխությունների համար — Գվարամիա, Մելիա, Գիրչի, «Դրոա»»,
- 5 — «Միասնություն-Ազգային շարժում»,
- 9 — «Ուժեղ Վրաստան»,
- 25 — «Վրաստանի համար»:
«Վրացական երազանք»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ասել են, որ այդ ամենը «Վրացական երազանք»-ի քարոզարշավն է և կազմվել ու տեղադրվել է իշխող կուսակցության պատվերով։ Նրանց պարզաբանմամբ՝ դա ծառայում է հանրությանը հիշեցնելուն, թե «ուր է տանելու ընդդիմությունը երկիրը»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամոթալի է անվանել «Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառները: Զուրաբիշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ը նախընտրական պաստառները պատրաստվել են ԿԳԲ-ի (Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտե) տպարանում: