Թբիլիսիի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հավանական կիբերհարձակման պատճառով հասարակական տրանսպորտի ուղևորների վճարման համակարգը ժամանակավորապես անջատված է։
«Հասարակական տրանսպորտում տեղադրված սարքերի վրա, որոնց տեխնիկական աջակցությունն ապահովում են Bank of Georgia-ի կապալառու ընկերությունները՝ MS+ և Azri-ն, հայտնաբերվել է անսարքություն»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` համապատասխան ընկերությունների ներկայացուցիչներն օպերատիվ կերպով սկսել են աշխատել խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, սարքերը կմիացվեն մոտ ժամանակներս՝ անսարքությունը վերացնելուց հետո։
«Այս ընթացքում քաղաքային տրանսպորտը կսպասարկի ուղևորներին առանց վճարման»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից քաղաքացիները սոցիալական ցանցերում տեսանյութեր էին տարածում՝ տեղեկացնելով, որ հասարակական տրանսպորտի վճարման սարքերից տարբեր ձայնագրություններ են միանում։
Նշվում էր, որ սարքերից ժամանակ առ ժամանակ հնչում են Վրաստանի և ԵՄ օրհներգերը, Գամսախուրդիայի, Կոստավայի և Ժվանիայի պատմական արտահայտությունները, ինչպես նաև «Վրացական երազանք»-ի անդամների անպարկեշտ ու աղմկահարույց արտահայտությունները։