Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկու անձ պատասխանատվության է ենթարկվել այլ ապրանքանիշերի տարբերանշանների ապօրինի օգտագործման փաստի համար։
Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզել է, որ Քվեմո Քարթլիի շրջանի 3 վայրերում մեղադրյալները բացել են կարի արտադրամասեր, որտեղ ապօրինի նյութական օգուտներ ստանալու և ապրանքների վաճառքը հեշտացնելու նպատակով Adidas և Nike հայտնի ապրանքանիշերի անօրինական օգտագործման միջոցով պատրաստել են տղամարդկանց և կանանց սպորտային հագուստներ՝ վաճառքի հանելով առևտրի տարբեր կետերում։
«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է 641 հատ ապօրինի մակնշված Adidas և Nike հագուստ, ինչպես նաև նշված ապրանքանիշերի մեծ քանակությամբ ապրանքային նշաններ՝ նախատեսված կեղծ ապրանքների արտադրության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 3-րդ մասով և պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 5 տարի ժամկետով։