Վրաստանում էթնիկ-կրոնական փոքրամասնությունների ստեղծած և նրանց շահերը ներկայացնող «Սալամ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) սեպտեմբերի 28-ին ակցիա-ֆլեշմոբ է անցկացրել, որի ընթացքում ցուցադրել են նկարներ՝ ազգային փոքրամասնությունների գյուղերի դպրոցների իրավիճակի պատկերներով:
Ակցիային ներկայացված են եղել Մառնեուլիի շրջանի հայաբնակ Աղքյորփի, ադրբեջանաբնակ Կղուլար, Դմանիսիի շրջանի Մամիշլո և այլ գյուղերի դպրոցների լուսանկարներ, նաև պարզապես բաց տարածքներ ու ենթակառուցվածքներ, որտեղ, ըստ կազմակերպիչների վեր պարզած պաստառների մակագրությունների, կարող էին լինել մանկապարտեզ, դպրոց:
Նախաձեռնությունը ահազանգել է, որ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված գյուղերի դպրոցների բացարձակ մեծամասնությունը վթարային է։
«Դմանիսիի, Բոլնիսի և Սագարեջոյի մունիցիպալիտետների ադրբեջանական ոչ մի գյուղում չկա նաև նախադպրոցական կրթություն։ Այս պայմաններում էթնիկ փոքրամասնությունների վրացերենի չիմացությունը համակարգային անարդարության և կառուցվածքային խտրականության հետևանք է»,- նշված է «Սալամ»-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Սալամ»-ի հիմնադիրներից Քյամրան Մամեդլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ էթնիկ փոքրամասնությունների համար պետական լեզվի չիմացությունը հետագայում պատճառ է դառնում, որ նրանք խնդիրների բախվեն հասարակական աշխատանք փնտրելիս, այլ ոլորտներում` նույնպես:
Մամեդլին նշում է, որ ակցիա-ֆլեշմոբի հիմնական նպատակն է՝ ցույց տալ հասարակությանը, պետությանը, որ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված համայնքներում՝ հատկապես Քվեմո Քարթլիում, կրթական կառույցները շատ հաճախ անմխիթար վիճակում են, որոշ դեպքերում էլ` առհասարակ բացակայում են:
«Կան գյուղեր, որտեղ անգամ մանկապարտեզ, նախակրթարան չկա, իսկ դպրոցներն այնպիսի վիճակում են, որ այնտեղ դասապրոցես կազմակերպելն ուղղակի վտանգավոր է աշակերտների համար»,- ասում է Մամեդլին:
Նրա խոսքով, դպրոցներում ոչ գիտակ մասնագետների առկայությունը, ուսումնական ռեսուրսների անբավարար կամ անպատշակ առկայությունը, նաև ոչ նորմալ ուսումնական միջավայրը հետագայում խոչընդոտում են էթնիկ հայերի, ադրբեջանցիների պետական լեզվին, պետությանն ինտեգրմանը:
Մամեդլին ասում է, որ մշտական կապի մեջ են տարբեր գյուղերի, այդ գյուղերի ներկայացուցիչների հետ և տեղեկություն են ստանում այնտեղ տիրող իրավիճակի մասին: