Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսի քաղաքում՝ Ինտերվենցիոն բժշկության կենտրոնի հարակից տարածքում, պայթել է նույն հիմնարկին պատկանող կաթսայատունը։
Պայթյունի հետևանքով ավերվել է բժշկական կենտրոնի բակում գտնվող տեխնիկական մասնաշենքը, վնասվել է հարակից պաթոլոգիական բաժանմունքի շենքը։
«Ուժեղ պայթյունի ձայնին հաջորդեցին ուժեղ ծուխն ու գազի հոտը. մտածում էինք՝ մեր շուրջն ամեն ինչ փլվել է, մեր շենքը նույնպես մասամբ փլուզվել է, շատ բան է վնասվել, չնայած կարծում ենք` լաբորատոր սարքավորումները պահպանված կլինեն»,- ասել է պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Մագուլի Չխոբաձեն։
Տեղեկության համաձայն, պայթյունի ժամանակ տուժել է պաթոլոգիայի բաժանմունքի շենքում գտնվող չորս մարդ։ Տեղում նրանց օգնության են հասել կենտրոնի բժիշկները, տուժածներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` անվտանգության կանոնների խախտում։
Տեղում աշխատում են իրավապահները. տարածքը շրջափակված է: