Քութայիսիում ավարտվել է օլիմպիական չափանիշներով լողավազանի շինարարությունը, տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ըստ հաղորդագրության՝ լողավազանի երկարությունը 50 մետր է, լայնությունը՝ 25 մետր։ Լողավազանային համալիրն ունի մինչև 600 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա, փոքրիկ մանկական լողավազան, մարզասրահներ, մարզիկների և մրցավարների հանդերձարաններ, սննդի և մարզական սարքավորումների խանութների համար նախատեսված տարածքներ։
«Օլիմպիական լողավազանի շենքը հագեցած է ժամանակակից ինժեներական ցանցերով, ֆիլտրման պոմպակայաններով, ջեռուցման, հովացման և հրդեհային համակարգերով։ Լողավազանի արտաքին հատվածում կառուցվել են ավտոկայանատեղի և բացօթյա սրճարան։ Նոր լողավազանից կկարողանան օգտվել ինչպես սիրողական, այնպես էլ տարբեր տեսակի ջրային սպորտաձևերի մարզիկները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշված է նաև, որ օլիմպիական լողավազանը սպասարկելու է նաև տեղական և միջազգային սպորտային միջոցառումների: Կառույցը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։