
Քութայիսիում «Ամբիկոն Սթայլ» ՍՊԸ-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Մետալուրգիական գործարանի աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և ասում են, որ գործարանում անվտանգության չափանիշներն ապահովված չեն:
Նրանք նաև հայտարարում են, որ գործարանը չի ապահովում հատուկ աշխատանքային հագուստով:
«Պահանջում ենք 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: Աշխատում ենք 12 ժամ, առանց արտաժամյա աշխատավարձի: Պայմաններ չունենք: Ջեռուցում չկա, սանհանգույց` նույնպես: Չունենք համազգեստ, մեր հագուստով ենք աշխատում փոշու և կրակի հետ»,- հայտարարում են աշխատակիցները:
Գործարանի աշխատակիցները պնդում են, որ չեն սկսի աշխատանքները, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել: