Գիորգի Խուբուան նշանակվել է Քութայիսիի միջազգային համալսարանի (KIU) ռեկտոր։ Նա 2006-2010 թվականներին Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտորն էր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ հուլիսի 23-ին հանդիպել է նորանշանակ ռեկտորին։
Ըստ կառավարության աշխատակազմի, հանդիպման ընթացքում խոսել են Քութայիսիի միջազգային համալսարանում կրթական նոր ծրագրերի մշակման մասին։ Նույն տեղեկատվության մեջ ասված է, որ վարչապետը հաջողություն է մաղթել բուհի նոր ռեկտորին և կառավարության անունից աջակցություն խոստացել։
Գիորգի Խուբուան իրավաբան, իրավագիտության փիլիսոփա, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, որ երկար ժամանակ գործունեություն է ծավալել Գերմանիայում և այժմ Մյունխենի տեխնիկական համալսարանի «Էներգետիկա և աշխարհաքաղաքականություն» բաժնի ակադեմիական վարիչն է։
Խուբուան 2006-2010 թվականներին զբաղացնում էր Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Նրա հրաժարականին նախորդել են իրադարձություններ՝ կապված համալսարանի գրադարանից 19-րդ դարի հազվագյուտ գրքերի կորստի հետ։ Խուբուան կտրականապես հերքել է իր ռեկտորության տարիներին գրքերի կորուստը։ Բացի այդ, համալսարանի մի քանի աշխատակիցներ Խուբուային մեղադրել են աշխատավարձերի անարդար բաշխման մեջ։ Նա մեղադրվում էր նաև անկանոն տենդերային և ֆինանսական գործունեության մեջ։
Վերոնշյալ մեղադրանքները հերքելիս 2010 թվականին Խուբուան ասել է, որ «նման տեսակի տեղեկատվությունը ստվեր է գցում բուհի և նրա ղեկավարության հեղինակության վրա և վնասում համալսարանի զարգացման համար ձեռնարկվող աշխատանքին։ Մասնավորապես, «Քարթու» հիմնադրամը նախատեսել է ԲՈՒՀ-ի համար գնել մեկ միլիոն դոլար արժողությամբ գրքեր, իսկ նման մեղադրանքները բուհի համար նպաստավոր չեն»։
Հարկ է նշել, որ Քութայիսիի միջազգային համալսարանը (KIU) հիմնադրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» բարեգործական հիմնադրամի կողմից։ «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը բարեգործության տեսքով ավելի քան մեկ միլիարդ եվրո է ներդնում համալսարանի զարգացման համար։
Քութայիսիի միջազգային համալսարանը, որն ուսանողների առաջին հոսքն ընդունեց 2020 թվականի աշնանը, ներկայում ունի ավելի քան 1200 ուսանող: Համալսարանը համագործակցում է Մյունխենի եվրոպական առաջատար տեխնիկական համալսարանի (TUM International GmbH և TUM) հետ, իսկ նրա պատվավոր նախագահը Մյունխենի տեխնիկական համալսարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Վոլֆգանգ Հերմանն է։