Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է 2023 և 2024 թվականներին Վրաստանում նախատեսված համաշխարհային մակարդակի համերգների կազմակերպիչ խմբի անդամների հետ, հայտնում է կառավարության էջը:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2023 և 2024 թվականներին նախատեսված համերգային ծրագիրն ու ծրագրի օրակարգը։
Ղարիբաշվիլին նշել է, որ համաշխարհային մակարդակի աստղերի համերգներ կանցկացվեն Թբիլիսիում, Բաթումիում և Black Sea Arena-ում։
«Համերգները նախատեսված են 2023 թվականի մայիսի վերջից՝ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին և 2024 թվականին։
Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանում համերգներ անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում բազմաթիվ հայտնի աստղերի հետ, իսկ համերգների անցկացման մասին հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն, մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Իրակլի Գիվիաշվիլին և Black Sea Arena-ի տնօրեն Տատո Խարչիլավան: