Ռումինիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարությունը պատասխանել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը:
Կոբախիձեն օրերս շնորհակալություն էր հայտնել հինգ երկրների, այդ թվում՝ Ռումինիային, «Եվրամիության խորհրդում վրաց ժողովրդի շահերը պաշտպանելու համար»։
«Մենք խորապես հիասթափված ենք ԵՄ մակարդակով ներքին քննարկումների անստույգ ներկայացումից», — ասված Ռումինիայի ԱԳՆ-ի համառոտ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Պաշտոնական Բուխարեստը մտահոգություն է հայտնել Վրաստանի եվրաինտեգրումը կասեցնելու «Վրացական երազանք»-ի որոշման առնչությամբ:
«Մենք օգտագործում ենք այս հնարավորությունը՝ կրկնելու համար մեր խիստ մտահոգությունը Եվրամիության հետ ասոցացման երկխոսությունը (կասեցնելու- հեղ.) Վրաստանի կառավարության որոշման և վրացիների օրինական բողոքի բռնի ճնշումների կապակցությամբ», — հայտնել է Ռումինիայի ԱԳՆ-ն:
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում Կոբախիձեն շնորհակալություն էր հայտնել հինգ երկրների, որոնք, ըստ Կոբախիձեի՝ «իրենց աջակցությունն են հայտնել վրաց ժողովրդին Եվրամիության խորհրդում»։ Մասնավորապես, նա նշել էր Հունգարիայի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ռումինիայի անունները։