
Թբիլիսիում շարունակվում է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը: Խմբերը հանդիպեցին Վրաստանի խորհրդարանում, այնուհետև արտաքին գործերի նախարարությունում նրանց ընդունեց ԱԳ փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին:
ՀՀ պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ամփոփում է կայացած հանդիպումները.
«Հիմնականում անդրադարձել ենք միջազգային կազմակերպություններում մեր երկրների համագործակցության հարցին, խոսել ենք արտաքին քաղաքականության մասին: Վրաստանի արտգործփոխնախարարի հետ խոսեցինք Եվրոպական ինտեգրման ծրագրերի մասին»։
Կողմերը քննարկում են անցկացրել Վրաստանի՝ Եվրոպական ուղղության և Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ստորագրած համապարփակ և ընդլայնված ծրագրի համատեքստում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան: Այցը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը:
Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: