Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելիի խոսքով՝ մայիսի 27-ին Արտաքին գործերի խորհրդի նիստում քննարկել են, թե ինչպես են արձագանքելու Վրաստանում «գործակալների մասին օրենքի» կիրարկմանը։
Բրյուսելում խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում Բորելը նշել է, որ քննարկման թեման 2024 թվականին Վրաստանի խորհրդարանական ընտրություններն են։
«Մենք կարծիքներ ենք փոխանակել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի, Վրաստանում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Որոշ անդամ երկրներ կարծում են, որ այդ հարցը կարևոր չէ, մյուսները կարծում են, որ այդ օրենքը հակասում է Եվրամիության նորմերին և արժեքներին։ Նշվեց նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի՝ մենք կոչ ենք անում (Վրաստանի- հեղ.) իշխանություններին հետ կանչել այս օրենքը»,- ասել է Բորելը։
Բորելը նաև ասել է, որ քննարկել են, թե ինչպիսին կլինի համապատասխան արձագանքը, եթե այդ օրենքն կիրարկվի: Նա նշել է՝ դրա մասին որոշում կկայացնեն հունիսին. «Կառավարության գործողությունները կարող են ազդել այն առավելությունների վրա, որոնցից օգտվում են ԵՄ ինտեգրման արդյունքում, բայց մենք դեռ որոշում չենք կայացրել»:
Մայիսի 27-ին Բրյուսելում կայացել է Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը, որը վարել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Բորելը։
Մայիսի 14-ին, չնայած արտասահմանյան գործընկերների զանգվածային բողոքներին և կոչերին, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը», իսկ մայիսի 18-ին նախագահը վետո դրեց դրա վրա և կրկին անվանեց «ռուսական օրենք»։
Չնայած օրենքի դեմ Վրաստանում հազարավոր բողոքի ակցիաներին և Արևմուտքի կոչերին, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի քննադատական եզրակացությանը, «Վրացական երազանքը» չի պատրաստվում հրաժարվել օրենքից։
Խորհրդարանը, որտեղ մեծամասնություն է կազմում «Վրացական երազանքը», նախատեսում է երեքշաբթի՝ մայիսի 28-ին նախատեսված լիագումար նիստում, հաղթահարել վետոն։