Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
Վրաստանի կառավարության ղեկավարը Եվրոպական խորհրդի նախագահին է ներկայացրել Վրաստանի ջանքերը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման ուղղությամբ և նշել, որ այդ գործընթացում կառավարությունը մշտական խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության կառույցների և անդամ երկրների հետ, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (OSCE/ODIHR) հետ:
«Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է տարեվերջին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։
Վարչապետի խոսքով՝ առաջարկությունների մեծ մասն իրականացվել է, և ձեռք բերված առաջընթացի համաձայն՝ Վրաստանն արժանի է տարեվերջին թեկնածուի կարգավիճակ ստանալուն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Խոսելով ասոցացման համաձայնագրի, Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի համաձայնագրի, առանց վիզայի ճանապարհորդության և եվրոպական հեռանկարի տրամադրման մասին, Ղարիբաշվիլին նշել է, որ եվրաինտեգրման ճանապարհին դրանք այն առաջընթացներն են, որոնց Վրաստանը հասել է ներկայիս իշխանության օրոք։
Կողմերը խոսել են նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի և տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա դրա ազդեցության մասին։