«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան» և Վրաստանի հանրային պաշտպանն արձագանքել են առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհրդարան մուտքի արգելքին:
Օմբուդսմեն Լևան Իոսելիանին ասել է, որ «բոլոր հավատարմագրված լրատվամիջոցներին պետք է հնարավորություն տրվի լինել խորհրդարանում, լուսաբանել, քաղաքացիներին հուզող հարցերը բարձրացնել և ստանալ պատասխաններ»։
«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան» կոչ է անում խորհրդարանին թույլատրել առցանց լրատվամիջոցների լրագրողներին ներկա գտնվելու հանձնաժողովների լսումներին:
Խարտիան կոչ է անում Վրաստանի խորհրդարանին հարգել հանրության իրավունքը՝ խորհրդարանում ընթացող քննարկման ընթացքում իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերի մասին տեղեկանալու, հրաժարվել առցանց լրատվամիջոցների նկատմամբ խտրական պրակտիկայից:
Ի դեպ, հենց այսօր, առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել են մուտք գործել խորհրդարան, որտեղ քննարկվում էր «գործակալների օրենքը»:
Այսօր Վրաստանի խորհրդարանի մոտ կրկին բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որը օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց երկրորդ անգամ պաշտոնապես «գործակալների մասին» օրենքն օրակարգ բերելու մասին։ Անցյալ տարի այն բողոքի մեծ ալիքի ճնշման ներքո հետ էր կանչվել։
Երկրի քաղհասարակությունը, նախագահը, ընդդիմությունը մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի։