Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) հեռուստահաղորդավար Վասիլ Իվանով-Չիքովանիի այն հայտարարությանը, ըստ որի, ՀԸ-ի որոշմամբ՝ վերջինս չի վարի 18:00-ի լրատվական «Մոամբե» ծրագիրը։
«Գրաքննության և քննադատական ձայները ճնշելու մեկ այլ օրինակ է Հանրային հեռուստատեսության որոշումը՝ Վասիլ Իվանով-Չիքովանիին չթույլատրել վարել «Մոամբե»-ն։ Հանրային հեռուստատեսությունը, որը ծառայում է ժողովրդին, պետք է պաշտպանի ԶԼՄ-ների անկախությունն ու բազմակարծությունը», — սոցցանցում գրել է Զուրաբիշվիլին։
Հեռուստահաղորդավարը տարածել էր «Առաջին ալիք»-ի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ պատճառը Իվանով-Չիքովանիի հետ «Մոամբե»-ի պրոդյուսերների կողմից համագործակցությունից հրաժարվելն է։
Հեռուստահաղորդավարը գրել է՝ հեռուստաալիքի պաշտոնական դիրքորոշման համաձայն, «մինչ ստեղծված բարդ իրավիճակի կարգավորումը ժամանակավորապես կդադարեցվի «Մոամբե» լրատվական ծրագրի հաղորդավարի գործառույթը կատարելու պարտավորությունը։
Վասիլ-Իվանով Չիքովանին այն հաղորդավարն է, որ եթերում բացահայտ աջակցություն է հայտնում «Բաթումելեբի/Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին և պահանջում ազատ արձակել։