Քաթամաձեի առողջության մասին տեղեկություն չի տրամադրվում. GYLA

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտարարել է, որ Թեմուր Քաթամաձեի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան մարմինները տեղեկություն չեն տրամադրում. բաթումցի դրոշակակիրն արդեն 26-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է։

«Նրա առողջական վիճակի մասին տեղեկացված է Հանրային պաշտպանի գրասենյակը, և նրանց տրամադրած տեղեկատվության համաձայն՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ անհրաժեշտ է որոշակի բժշկական հետազոտությունների անցկացում։ Ի դեպ, Հանրային պաշտպանի գրասենյակն էլ չի կարողացել ստանալ բժշկական փաստաթղթերը։

Կալանավորված անձի կյանքն ու առողջությունը պետության պատասխանատվության ներքո են, քանի որ նա գտնվում է պետության վերահսկողության տակ։ Հետևաբար, Թեմուր Քաթամաձեի առողջական վիճակի վատթարացումը կամ որևէ լուրջ հետևանք ամբողջությամբ պետության ուսերին կլինի»,- ասված է հայտարարության մեջ։

GYLA-ն կոչ է արել ներքին գործերի նախարարությանը անհապաղ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչպիսի հետազոտություններ են անցկացվում Թեմուր Քաթամաձեի նկատմամբ, և ինչ առողջական վիճակում է նա։

Հիշեցնենք. Բաթումիի ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն արդեն 26-րդ օրն անընդմեջ հացադուլի մեջ է։

Փետրվարի 6-ին նրա փաստաբան Մարիամ Գաբրոշվիլին հայտարարել է, որ Քաթամաձեն կորցրել է 15 կիլոգրամ քաշ և դժվարանում է տեղաշարժվել։ Փետրվարի 7-ին Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը մերժեց Թեմուր Քաթամաձեի բողոքը, ինչի արդյունքում նրա կալանքը ուժի մեջ մնաց։

Թեմուր Քաթամաձեն հունվարի 11-ին Բաթումիի ցույցի ժամանակ կալանավորվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով` անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջին։ Նրան դատապարտել են 5-օրյա կալանքի։

Հունվարի 16-ին, երբ Քաթամաձեն լքել է մեկուսարանը, կրկին կալանավորվել է, և այս անգամ նրան Վրաստանից արտաքսում է սպառնում։