Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։
Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների բողոքի ու բղավոցների պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։
Հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացվել են Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Վաշաձեն։
«Սա ռուսական օրենք է, խոսնակը ստում է, սա ռուսական օրենք է»,- քննարկման սկզբում այսպես արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները։
Խորհրդարանի շենքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ արգելափակվել է Իրավական հարցերի հանձնաժողով տանող միջանցքը, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ։
Խորհրդարանի շենքի մոտ ևս վիճակը լարված է։ Քննարկմանը զուգահեռ օրենսդիր մարմնի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում:
Ցուցարարները պարզել են տարբեր պաստառներ՝ «Ո՛չ ռուսական օրենքին», «Այս կանոնը ռուսական պատ է» և այլ գրություններով:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։
Երկրորդը, ԱՄՆ-ում նացիստական քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը վերաբերում է օտարերկրյա լոբբիստական կազմակերպություններին և լոբբիստներին։
Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։