Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու բանկ»-ի տնօրեն Նատո Խաինդրավան «Վրացական երազանք» կուսակցությանը նվիրաբերել է 40 հազար լարի։ Տեղեկությունը հրապարակված է Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում։
Օգոստոսի 1-ին կուսակցությանը գումար են նվիրաբերել նաև Գիորգի Չակվետաձեն, Մադոննա Մամացաշվիլի-Գագնիձեն, Մանանա Նադիրաձեն և Մամուկա Փարտենաձեն:
Ուշագրավ է, որ Նատո Խաինդրավան 2012 թվականից ի վեր` ամեն տարի գումար է նվիրաբերել «Վրացական երազանք»-ին։ Բացառություն են միայն 2015 և 2018 թվականները. 2018 թվականին` կուսակցության փոխարեն, նա գումարը նվիրաբերել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որին սատարում էր «Վրացական երազանք»-ը։
Խաինդրավայի տեղակալներ Բեքա Կվարացխելիան, Զուրաբ Գոգուան և Գիվի Լեբանիձեն նույնպես նախորդ տարիներին գումար են նվիրաբերել կուսակցությանը և Սալոմե Զուրաբիշվիլիին։
Ի դեպ, միայն օգոստոսին «Վրացական երազանք»-ը նվիրատվությունների ձևով ստացել է ավելի քան 1,7 մլն լարի։ Տարվա ընթացքում կուսակցության ստացած գումարի մասին տեղեկատվություն գտնելը դյուրին չէ Հակակոռուպցիոն բյուրոյի կայքի ընդհատումներով աշխատելու պատճառով։