Քարտեզներում Վրաստանի սահմանների նպատակային փոփոխությունը քրեական հանցագործություն կհամարվի։ Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» խմբակցությունն առաջիկայում նմանատիպ նախաձեռնությամբ հանդես կգա, որը նպատակ ունի կանխարգելել ռուսական քարոզչությունը։
«Կրեմլը վրացական քարտեզն օգտագործել է քարոզչական որոշակի նպատակներով և խեղաթյուրել է այն: Եթե նման, տարածքային ամբողջականությունը խախտող քարտեզագրումը տարածվի, ապա դա կենթարկվի քրեական պատժի», — հայտարարել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:
Նախաձեռնությունն ընդունելի է նաև ընդդիմության համար, սակայն, քանի որ իշխող կուսակցությունն աջակցում է նախագահի՝ ռուսամետ թեկնածուին (խոսքը Սալոմե Զուրաբիշվիլիի մասին է), առաջարկը համարվում է անտեղի և ընտրողներին խաբեության մեջ գցելու միջոց: