Քարոզչություն ընտրատեղամասում. Վրաստանի Խորհրդարանի նախագահն ընտրատեղամաս է ժամանել կուսակցական խորհրդանիշներով

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան ընտրատեղամաս է ժամանել կուսակցական 41 համարի խորհրդանիշներով: Բացի այդ, նա ասել է, որ քվեարկել է Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի» օգտին:

Ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ այս երկու գործողություններն էլ օրենքի խախտում են, և դրանց համար նախատեսված է 2000 լարի տուգանք:

«Ավանդաբար, ես եկել եմ իմ ընտրատեղամաս, փորձում էի առաջինը լինել և այսօր առաջինն էի: Ես ընտրություն կատարեցի Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի» օգտին: Սա այն ընտրությունն է, որը, կարծում եմ, բոլորը պետք է կատարեն, քանի որ մենք ունենք ծրագիր, տեսլական, ինչ պետք է անենք մեր երկրի և մեր քաղաքի զարգացման համար: Ուժեղ շրջաններն այն խոստումն են, որ մենք տվել ենք ընտրություններից առաջ և վստահ ենք, որ չորս տարի հետո կհպարտանանք մեր արդյունքներով»,- ասել Կախա Կուչավան:

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբանական օգնության ծրագրի տնօրեն Նոնա Քուրդովանիձեն Կուչավայի՝ կուսակցության խորհրդանիշով ընտրատեղամաս ժամանումը վարչական իրավախախտում է անվանել՝ հավելելով, որ չի կարող հիշել որևէ դեպք, երբ տեղամասում պատգամավորը կամ խորհրդարանի նախագահը համարակալված խորհրդանշանով են ներկայացել:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բնակչությունն ընտրում է քաղաքապետեր և ավագանու անդամներ:

Լուսանկարը` news.on.ge-ի