Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հակաարևմտյան և ապատեղեկատվական հերթական հայտարարությանը: Կալաձեն այսօր, տարածելով իշխանական ապատեղեկատվությունը, կրկին խոսել է Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու մասին:
ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ վերջին մի քանի օրերին Վրաստանի կառավարության ներկայացուցիչները կրկին ապատեղեկատվություն են տարածել «երկրորդ ճակատի» բացման վերաբերյալ։ Ընդգծել են նաև, որ հենց «երկրորդ ճակատ»-ի մասին կեղծ մեղադրանքների պատճառով է այս ամառ Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել «Արժանի գործընկեր» զորավարժությունները:
«Ցավոք, կրկին ապատեղեկատվություն հայտնվեց, այդ թվում՝ առաջատար քաղաքական գործիչների վերջին մի քանի օրերի ելույթներում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է, որ այդ ապատեղեկատվության պատասխանը պարզ է. «Ուժեղ երկրներին ուժեղ դաշնակիցներ են պետք։ Ինչո՞ւ եք քանդում այն ամենը, ինչը նրբորեն կառուցել ենք 32 տարի»։
Ընդգծենք՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակում են ընտրողներին համոզել, որ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու մտադրություն կա։ Վերջիններից մեկը, որ նշել է «երկրորդ ճակատ»-ի մասին ապատեղեկատվությունը՝ Կալաձեն է:
«Երբ ուզում ես երկրում ռումբեր ընկնեն, երբ ուզում ես երկրորդ ճակատ բացել, երբ ուղիղ կոչեր ես անում միանալու պատժամիջոցներին, ամեն ինչ անում ես, որ վնասես ժողովրդին ու երկրիդ, ինչ երեսով պետք է գնաս ժողովրդի մոտ: Ուստի նրանք չեն կարող նույնիսկ դաշտ դուրս գալ, վազում են որոշ դեսպանատներ ու այնտեղ նախընտրական արշավներ են անցկացնում»,- ասել է Կալաձեն։