
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու համար քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 10 հազար լարի գրավը:
Որոշումը կայացրել է դատավոր Նանա Շամաթավան. նա բավարարել է դատախազի միջնորդությունը։ Դատական նիստին ներկա է եղել նաև Գիվի Թարգամաձեն։
Դատախազի խոսքով, կար նաև նոր հանցագործություններ կատարելու և փախուստի վտանգ, ինչը Թարգամաձեի փաստաբանը համարել է անհիմն։ Փաստաբան Բեքա Բասիլաիայի խոսքով, Թարգամաձեն սկզբունքորեն չի ներկայացել ժամանակավոր քննչական հանձնաժողով։
Թարգամաձեն ապրիլի 3-ին հրավիրվել էր վիճելի խորհրդարանում գտնվող ժամանակավոր քննչական հանձնաժողով, սակայն հրաժարվել էր ներկայանալ։ Հանձնաժողովը Թարգամաձեից բացատրություն է խնդրել 2004-2012 թվականներին Վրաստանում պաշտպանության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը», որը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր քաղաքական գործիչներ («Ուժեղ Վրաստան» կուսակցություն) Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին, իսկ որպես խափանման միջոց է սահմանվել յուրաքանչյուրին 50 հազարական լարի գրավը։ «Միացյալ ազգային շարժման» կառավարության տարիներին պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ սահմանվել է 20 հազար լարի գրավ, և նրան արգելվել է լքել երկիրը։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճռի» կայացումը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: