2024 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչ օրս խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով 9 ցուցարար է ձերբակալվել։
Իրավապահների վրա հարձակումը քրեական հանցագործություն է, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։
Այս պահի դրությամբ վերջինը, ում ձերբակալեցին նշյալ հոդվածով՝ լրագրող, «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների համահիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին է։
Մինչ այդ Թբիլիսիի դատախազությունը հետաքննություն է սկսել Ռուսթավելի պողոտայում եվրոպամետ ակցիաների ժամանակ իրավապահների վրա հարձակվելու մեջ մեղադրվող ութ անձանց նկատմամբ, նրանք բոլորը նախնական կալանքի տակ են:
Դատախազությունը վերջիններիս դեմ ունի միանման ապացույցներ՝ ոստիկանի հայտարարությունը, որոշ դեպքերում՝ տեսանյութ, որտեղ, ըստ փաստաբանների, տուժողը տեսանելի չէ, հանցագործության նախանշանները պարզ չեն։
Անզոր (Անրի) Կվարացխելիա
25-ամյա Անզոր Կվարացխելիան դեկտեմբերի 5-ին ձերբակալվել է իր տանը։ Դատախազությունը պնդում է, որ նա հարձակվել է հատուկջոկատայինի վրա, մոլոտովի կոկտեյլ նետել։ Մմեղավոր ճանաչվելու դեպքում Անզոր Կվարացխելիային սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Կվարացխելիայի տունը մինչ ձերբակալությունը խուզարկվել է։
Գիորգի Մինդաձե
Բժշկական համալսարանի 21-ամյա ուսանող Գիորգի Մինդաձեն դեկտեմբերի 1-ին մոր հետ այցելել է Մցխեթայի մունիցիպալիտետում բնակվող իր զարմիկին, երբ նրան ձերբակալել են։
Նրա մայրը՝ Նինո Ծուլայան, ենթադրում է, որ ոստիկանները ամբողջ ճանապարհին հետևել են իրենց, հարմար պահին ձերբակալել։
Գիորգի Մինդանձեին դատախազությունը մեղադրում է իրավապահների ուղղությամբ պիրոտեխնիկա կիրառելու մեջ։ Քաղաքային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը։
Դավիթ Լոմիձե
53-ամյա Դավիթ Լոմիձեին ոստիկանությունը ձերբակալել է 2024 թվականի դեկտեմբերի 1-ի հանրահավաքի ժամանակ՝ վարչական իրավախախտման համար։ Մեղադրանքը խստացվել է ոստիկանություն բերման ենթարկելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում, վարչական կալանքի համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրիվ լրանալուց հետո։
Լոմիձեն մեղադրվում է դեկտեմբերի 1-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՆԳՆ աշխատակիցների վրա մոլոտովի կոկտեյլ նետելու մեջ: Դատախազությունը պնդում է, որ արդյունքում «վնասվել է նախարարության հաշվեկշռում գտնվող ջրային ռեակտիվ մեքենան»։
Դավիթ Լոմիձեն նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին դատավոր Նանա Շամատավայի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նա չի ընդունում մեղքը, օգտվում է լռելու իրավունքից։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Թեմուր Զասոխաշվիլի
Ձերբակալման մեքենայում Դավիթ Լոմիձեի հետ եղել է 38-ամյա Թեմուր Զասոխաշվիլին։ Նա ևս ձերբակալվել է նախ վարչական կարգով, իսկ 48 ժամ անց նույն մեղադրանք է առաջադրել:
Թեմուր Զասոխաշվիլիի և Դավիթ Լոմիձեի դատավարությունն ընթանում է քաղաքային դատարանում։
Հատուկջոկատայիններից մեկն իր ցուցմունքում նշել է, որ տեսել է, թե ինչպես է Թեմուր Զասոխաշվիլին մոլոտովի կոկտեյլ նետել իրենց վրա։
Թեմուր Զասոխաշվիլին հոր հետ ապրում է Թբիլիսիում։ Հյուրանոցներից մեկում տեխնիկական անձնակազմի անդամ է։ Նա մեղքը չի ընդունում, բայց հաստատում է, որ հանրահավաքների է գնացել՝ բողոքելու։
Սաբա Ջիքիա
18-ամյա ուսանող Սաբա Ջիքիան ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։ Դատախազությունը նրան մեղադրում է 2024 թվականի նոյեմբերի 30-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին ոտքով հարվածելու մեջ։ Ջիքիան չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ Նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։
Դատավոր Դավիթ Մգելիաշվիլին դեկտեմբերի 7-ին նրան 2 ամսով նախնական կալանքի է դատապարտել։
Սաբա Սխվիտարիձե
Ակտիվիստ Սաբա Սխիտարիձեն ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ուշ գիշերը՝ Ազատության հրապարակում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Դատախազությունը պնդում է, որ նա մահակով հարձակվել է ՆԳՆ աշխատակիցների վրա՝ վնասելով ՆԳՆ-ի աշխատակցի գլուխը։
Սխիտարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։
Ձերբակալվածը տուժողի կարգավիճակ է ստացել հունվարի 14-ին։ Նա բողոքում է, որ ոստիկաններն իրեն ձերբակալելուց հետո դաժանաբար ծեծի են ենթարկել և պահանջում է պատժել մեղավորներին։ Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը։
Մաթե Դևիձե
Նոր ընտրությունների պահանջով ցույցի մասնակից Մաթե Դևիձեին, որ ձերբակալվել էր ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով, դատավոր Դավիթ Մգելիաշվիլին կալանքի տակ է թողել: Այսպիսով, Թբիլիսիի քաղաքային դատարանը հաշվի է առել դատախազ Անի Խուբեջաշվիլիի միջնորդությունը։
Դևիձեի դատական նիստին մասնակցել է Լիտվայի դեսպանատան ներկայացուցիչը։
Մինչ դատական նիստում վերանայվում էր խափանման միջոցը, մեղադրող կողմը կրկին պահանջել է ազատազրկում, իսկ պաշտպանական կողմը՝ գրավի դիմաց ազատ արձակում։
Մեղադրող կողմի խոսքով՝ Դևիձեն նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում «փայտանման առարկայով հարձակվել է իրավապահների վրա»՝ նրանց պատճառելով վնասվածքներ, որոնք «առողջական որևէ խնդիր չեն առաջացրել»։
Անատոլի Գիգաուրի
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մգելիաշվիլին հունվարի 16-ին կալանքի տակ է թողել նոր ընտրությունների պահանջով ցույցի մասնակիցներից Անատոլի Գիգաուրիին։ Ըստ նախաքննության տվյալների` նա ձերբակալվել է ոստիկանին ապտակելու համար, նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։
Անատոլի Գիգաուրիի դատավարությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը։
Ապացույցների թույլատրելիությունը քննարկելիս փաստաբան Լաշա Ցուցկիրիձեն դատավորին խնդրել է թույլ տալ դիտել տեսանյութը, որտեղ, փաստաբանի խոսքով, երևում է, թե ինչպես է, նախ, ոստիկանը հարվածում Անատոլի Գիգաուրիին, որին հետևում է Գիգաուրիի հարվածը։
Դատավորն ի պատասխան ասել է, որ դատավարության այս փուլում տեսանյութը չի կարող ապացույցների մեջ ընդգրկել։