Նախօրեին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել են, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա:
Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ տեղում, նախօրեին վրաններ էին դրել ու գիշերել հրապարակում:
«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը:
Նախօրեին ուշ երեկոյան «Էնկա» ընկերությունն արձագանքել է բողոքի ակցիային: Նրանց խոսքով, ընկերությունը պատրաստ է շարունակել քննարկումները` բոլոր հետաքրքրված անձանց հետ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվեցին ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լինի անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։ Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 800 մլն դոլար և այն պետք է իրականացնի Թուրքական «Enka Riniebels Ltd» ընկերությունը:
Լուսանկարը՝ Պուբլիկա լրատվամիջոցի
«Ռիոնիի պաշտպանները», կառավարությունն ու թուրքական ընկերությունը