Թբիլիսիի քաղաքային դատարանը չի բավարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը բողոքարկելու ընդդիմության հայցը։
Ընդդիմադիր ուժերը պահանջում էին չեղյալ համարել ամփոփիչ արձանագրությունը՝ ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ։
Երեք կուսակցություններ՝ «Վրաստանի համար», «Ուժեղ Վրաստան» և «Միասնություն — ազգային շարժում» և «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) ՀԿ-ն հայցը Թբիլիսիի քաղաքային դատարան էին ներկայացրել նոյեմբերի 18-ին:
Նիստը քաղաքային դատարանում անցկացվել է նոյեմբերի 19-ին, դատավորը չի բավարարել հայցվորի միջնորդություններից ոչ մեկը։
Նոյեմբերի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ամփոփիչ արձանագրությունը՝ աղմուկի ու բողոքի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։
ԿԸՀ վերջնական արդյունքների համաձայն՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ը ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրներն ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը, քաղհասարակությունն ու նախագահը պնդում են՝ ընտրությունները կեղծվել են:
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է անում օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։