«Երբ մենք կավարտենք հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման այս նախագիծը, ես կարող եմ պարծենալ, որ Թբիլիսին կունենա Եվրոպայի լավագույն տրանսպորտային համակարգերից մեկը», — այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարման նիստում:
Կալաձեն վստահեցրել է, որ Թբիլիսիում հասարակական տրանսպորտը կլինի առավել համակարգված։
«Առաջիկայում կունենանք ամբողջովին նոր, եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխան ավտոբուսներ: Միևնույն ժամանակ, պետք է փոխարինվեն նաև միկրոավտոբուսները: Տաքսիների բարեփոխումը նույնպես հաջողությամբ է ընթանում ու վստահ եմ, որ հասարակությունն առաջիկայում դա էլ կգնահատի», — ասել է Կալաձեն:
Նշենք, որ երեկ Վրաստանի մայրաքաղաքը ստացել է «Իսուզու» մակնիշի 8 մետրանոց 40 և «ՄԱՆ» մակնիշի 10 մետրանոց 16 ավտոբուսներ:
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» 2019 թվականին 90 միավոր 10 մետրանոց «ՄԱՆ» մակնիշի և 220 միավոր «Իսուզու» մակնիշի ավտոբուս է գնել: