Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ադիգենի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) գրասենյակի ղեկավար Միխեիլ Բուցխրիկիձեին դեկտեմբերի 26-ին սոցցանցում կատարած եվրոպամետ գրառման և բացահայտ քաղաքական կարծիք հայտնելու պատճառով այսօր աշխատանքից ազատել են: Աշխատանքից ազատելու լուրն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրուցում հաստատեց Բուցխրիկիձեն:
Բուցխրիկիձեի խոսքով՝ հայտարարում են, թե աշխատանքից ազատվում են արտահաստիքային աշխատողները, սակայն, ասում է՝ ինքը հաստիքային աշխատող էր: Նրա խոսքով, իրեն աշխատանքից ազատելը կապված է երեկ Facebook-ում կատարած գրառման հետ, որտեղ բացահայտ արտահայտել է իր կարծիքը:
«Որպես պետական հատվածում աշխատող անձ, Ադիգենի քաղաքապետարանի խորհրդի գրասենյակի ղեկավար, ես միանշանակ համաձայն չեմ նոյեմբերի 28-ին արված հայտարարության հետ: Դատապարտում եմ Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի ցույցի բռնի ճնշումը։ Կարծում եմ, որ, ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից, կենսականորեն կարևոր է մեր երկրի անդամակցությունը եվրատլանտյան կառույցներին, քանի որ դա ոչ միայն մեր ցանկությունն է, այլև մեր նախնիների դարավոր ձգտումը։
Ես հավատարիմ եմ Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, որտեղ հստակ գրված է, որ մեր երկրի տեղն ու ապագան միայն Եվրոպայում է։ Այդ ճանապարհին մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, պետք է բոլոր ջանքերը գործադրենք՝ կատարելու վրաց ժողովրդի կամքը: Առաջ դեպի Եվրոպա», — դեկտեմբերի 26-ին գրել է Բուցխրիկիձեն:
Ի դեպ, ըստ 2014 թվականին արված մարդահամարի տվյալների (2024 թվականինը դեռ չի հրապարակվել)՝ Ադիգենի մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 16 հազար 462 մարդ, նրանցից 97.1 տոկոսը վրացիներ են, 2.3 տոկոսը՝ հայեր, 0.25 տոկոսը՝ ռուսներ:
Նշենք, որ սա պետական աշխատողների դեմ սկսված առաջին քաղաքական հետապնդումը չէ: Աշխատանքից ազատել են Թբիլիսիի քաղաքապետարանի սահմանափակ կարողություններով անձանց հարցերով զբաղվող խորհրդի գործադիր քարտուղար Գիգա Սոփրոմաձեին: Նա հանդիսանում է քաղաքացիական ծառայողների նորաստեղծ անկախ մասնագիտական միության համահիմնադիրը։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Թբիլիսիի քաղաքապետարանը մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքային ծառայության աշխատակից Նինո Կիկնաձեի հետ խզել է պայմանագիրը: Կիկինաձեն որոշումը կապում է իր քաղաքական հայացքների հետ։
Հիշեցնենք. նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ որոշել են մինչև 2028 թվականի ավարտն օրակարգ չբերել եվրանադամակցության բանակցությունների բացման հարցը:
Կոբախիձեի հայտարարությունից հետո՝ Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում եվրոպամետ և հակակառավարական ցույցեր են սկսել, որոնց ընթացքում իշխնությունը բիրտ ուժ է կիրառել և բերման ենթարկել ավելի քան 400 քաղաքացու: