Թբիլիսիի քաղաքային դատարանի այսօր կայացրած որոշմամբ` ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Գվարամիայի ազարտարկման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց լրատվամիջոցներում՝ դառնալով նոր քննարկման առիթ: Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ կարծում են, որ Գվարամիայի ազատազրկումը քաղաքական նպատակներ ունի և, միանշանակ, կխանգարի Վրաստանին այս շատ կարևոր փուլում՝ ԵՄ անդամակցութան ճանապարհին:
RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է.
«Միանշանակ, կասկած չկա, որ սա քաղաքական հաշվեհարդար է: Այն միտված է Գվարամիայի քաղաքական ուղղվածության և նրա քաղաքական գործունեության դեմ, քանի որ նա ներկայացնում է ամենամեծ ընդդիմադիր մեդիան»:
Աբաշիձեն ասում է, որ առանց այն էլ Վրաստանի համար խնդիրներ կային ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում, այս որոշումը, բնականաբար, կազդի գործընթացի վրա:
«Քանի որ դատական համակարգի մասին ևս կային կարևոր կետեր, և Վրաստանը դատական համակարգում բացեր ունի, բնականաբար, այս որոշումը ևս վատ կանդրադառնա գործընթացի վրա»,- ասում է Աբաշիձեն:
Աբաշիձեի կարծիքով, այս որոշումից հետո շատ ավելի քիչ հավանականություն կա, որ Վրաստանը կստանա ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ:
Քաղաքագետի խոսքով, ընդդիմության հայտարարություններն այդքան էլ խոստումնալից չեն, քանի որ նման հայտարարություններ բազմիցս եղել են, անցկացվել են բողոքի ցույցեր, սակայն դրանց կարճ ժամանակ անց հանդարտվել են:
Աբաշիձեն նաև նշում է, որ Գվարամիայի դատապարտումը գուցե քաղաքական հաշվեհարդար է Իվանիշվիլիի և Գվարամիայի միջև հարաբերությունների համար:
«Կարող է լինել նաև վարկած, որ իշխանությունը չի ցանկանում եվրաինտեգրում և այս կերպ է փորձում խոչընդոտել գործընթացին: Չնայած ես կարծում եմ, որ սա կամ քաղաքական հաշվեհարդար է, կամ Գվարամիային հետո «օգտագործելու» են որոշակի քաղաքական նպատակներով»,- «Ալիք Մեդիայի» զրույցում ասում է Աբաշիձեն:
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիի և կառավարության նկատմամբ իր քննադատական դիրքորոշման համար Նիկա Գվարամիան բազմիցս քննադատվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից։ Դատախազությունը և Պետական Անվտանգությունը գաղտնալսել են նրա հեռախոսը, հետապնդել են նրան, և վերջին տարիներին մի քանի անգամ ենթարկել են ֆիզիկական բռնության:
Արդարադատության նախկին նախարար Թեա Ծուլուկիանին խորհրդարանի նիստում հրապարակավ հայտարարել էր Գվարամիայի բջջային հեռախոսահամարը և կոչ արել «Վրացական երազանքի» կողմնակիցներին կապվել Գվարամիայի հետ։ Սրա հետևանքով Գվարամիան անհայտ անձանցից տացել է մոտ 4 000 զանգ՝ բանավոր վիրավորանքներով։ Գվարամիան նախկինում ձերբակալվել էր 2012 թվականին, սակայն շուտով արդարացվել էր:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» (TI) կարծում է, որ ընդդիմադիր «Մթավարիի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալությունը նպատակ ունի խանգարել քննադատական հեռուստաընկերության գործունեությունը:
«Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեն Netgazeti-ին ասել է, որ ընդդիմադիր «Մթավարի արխիի» տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալությունից հետո Վրաստանը չպետք է ակնկալի, որ ԵՄ-ն «կարևոր որոշում կկայացնի» ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ:
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուսատընկերության փոխտնօրեն Գիորգի Գաբունիան «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ իրենք շարունակելու են պայքարը։