Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ բժիշկներն ու բուժքույրերը, որոնք քաղաքացիներին «կհամոզեն» պատվաստման կարևորության մասին, պետությունից մեկ անձի համար կստանան 20 լարի (մոտ 6 դոլար): Ըստ Գաբունիայի, հոկտեմբերի 8 -ից բժիշկներն ու բուժքույրերը կներգրավվեն բնակչության հետ խորհրդակցությունների գործընթացում:
«Այժմ մենք հասել ենք այն փուլին, երբ առանց դեմառդեմ հաղորդակցվելու դժվար է մարդուն համոզել, որ պատվաստումն անվտանգ է և արդյունավետ։ Ընտանեկան բժիշկը և բուժքույրը, ամեն դեպքում, մեծ ազդեցություն ունեն, հատկապես գյուղական վայրերում: Եթե ընտանեկան բժիշկն իր մոտ գրանցված քաղաքացուն ասում է, որ պատվաստանյութը վտանգավոր է, մեր ներդրած բոլոր ջանքերը, բացարձակապես իզուր են»,-ասել է Գաբունիան՝ կարևորելով ընտանեկան բժիշկների ակտիվ ներգրավվածությունը խորհրդատվության գործընթացում:
Ըստ Գաբունիայի, արդեն այսօրվանից ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում ընտանեկան բժիշկների և բուժքույրերի հետ, որպեսզի նրանք էլ սկսեն աշխատել իրենց բնակչության հետ, իսկ արդեն յուրաքանչյուր պատվաստված քաղաքացու համար կստանան պարգևավճարներ։