Քաղաքացիական ակտիվիստ Զուկա Բերձենիշվիլին ֆիզիկական բռնության է ենթարկվել: Ակտիվիստ Սալոմե Բարկերը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում Զուկա Բերձենիշվիլիի արյունոտ դեմքն է։
Ըստ Բարկերի գրառման՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Բերձենիշվիլիի տան մոտ. «Շալվա Պապուաշվիլիի (Վրաստանի խորհրդարանի նախագահ — հեղ.) գրառումից մեկ ժամ անց «զայրացած քաղաքացիները» Զուկային սպասել են նրա տան մոտ և ֆիզիկական բռնություն գործադրել։ Երեք հոգի են եղել, սպասել են մեքենայի մեջ»:
Ավելի ուշ Բերձենիշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարձակվողներից մեկը սպառնացել է կրակել իր գլխին։
Այսօր առավոտյան խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում գրառում է կատարել և «Եվրոպայի անունից ընթացող ահաբեկության կազմակերպված և քաղաքական դրդապատճառներով արշավ» է որակել «զայրացած քաղաքացիների» հետ կապված միջադեպերը: Պապուաշվիլին սրանով նկատի ունի իշխող քաղաքական թիմի առաջնորդների նկատմամբ քաղաքացիների արձագանքները:
Ի դեպ, «գործակալների օրենքի» ընդունումից հետո քաղաքացիները հանրային տարածքում օրենքին աջակցած պատգամավորներին «դավաճաններ» ու «ստրուկներ» են անվանում։
Ֆեյսբուքում հրապարակված գրառման մեջ Շալվա Պապուաշվիլին հիշատակել է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման հիմնադիրներ Սալոմե Բարկերին և Զուկա Բերձենիշվիլիին։
Մի քանի օր առաջ Բերձենիշվիլին սոցցանցում գրել էր գյուղում իրեն հետապնդելու մասին, որից իրեն հաջողվել էր փախչել։
Ուշագրավ է նաև, որ շարունակվում են «գործակալների օրենքի» հակառակորդների հետապնդումները, ահաբեկումները և վիրավորանքները. հասարակական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների տների և գրասենյակների պատերին սպառնալի գրություններ են հայտնվում։