Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳՆ) բուհերի ռեկտորներից պահանջում է դատապարտել բուհերում հայտարարված դասադուլը, գրել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Ըստ «Մթավարի արխի»-ի՝ բուհերին ուղարկած փաստաթղթում նշվում է, որ կրթական տարածքը պետք է զերծ լինի քաղաքականությունից։ Դրանում նշվում է նաև, որ «կտրականապես անընդունելի է, որ որոշ խմբեր բուհերի անունից քաղաքական հայտարարություններ անեն»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները և խոչընդոտում են ուսումնական գործընթացին։
«Մեզ համար կտրականապես անընդունելի է բուհերի անունից որոշակի խմբերի կողմից քաղաքական հայտարարություններ անելը։ Ուսանողների լավագույն շահերից ելնելով հորդորում եմ բոլորիդ չխառնվել բուհերի ակադեմիական գործունեությանը, վերադառնալ լսարաններ. եկեք մեր ուսանողների համար ապահովենք համապատասխան կրթական միջավայր, ինչը այսօր հատկապես կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ։
Ի դեպ, ուսանողների լայնածավալ դասադուլը պատել է մայրաքաղաքն ու մարզերը. երիտասարդները հրաժարվում են վերադառնալ լսարաններ, քանի դեռ իշխանությունները հետ չեն կանչել «ռուսական օրենքը»:
«Թույլ չենք տա Վրաստանի ռուսացում». ուսանողները երթ կանցկացնեն