Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի պարգևատրում է լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին ոսկե կամ արծաթե մեդալներով։ 2022 թվականի շրջանավարտների մեդալները Վրաստանի շատ մունիցիպալիտետներում արդեն հանձնվել են։ Առաջին հերթին հիմնականում մեդալները հանձնվում են մայրաքաղաք Թբիլիսիի դպրոցների աշակերտներին։
Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի շրջանավարտ, այժմ արդեն Թբիլիսիի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողուհի Աննա Թորոսյանը, որ ոսկե մեդալով է ավարտել դպրոցը, նշում է՝ սա իր առաջին փոքր, բայց մեծ հաջողությունն է, դպրոցական տարիների աշխատասիրության արդյունքն ու լավագույն հուշը:
«ԿԳ նախարարության նախաձեռնությունը` պարգևատրել լավագույն աշակերտներին մեդալներով, կարծում եմ խրախուսելի է: Այն մեծ մոտիվացիա է առաջացնում աշակերտների շրջանում: Երբ աշխատանքդ անկախ դժվարությունից ու բարդությունից գնահատվում է, հասկանում ես, որ զուր չէին ջանքերդ, այդժամ մեծ ոգևորությամբ ու նոր ուժերով քայլ ես անում դեպի ավելի մեծ հաջողություններ», — նշում է Աննան և շարունակում․
«Իհարկե, նման պարգևի արժանանալը մեծ պատիվ է, մոտիվացիա՝ նոր ձեռքբերումների և հաղթանակների լավագույն մեկնարկ, բայց, նախևառաջ այն նաև մեծ պատասխանատվություն է սահմանածդ բարձր նշաձողը պահպանելու համար: Մեդալն ինքնին հավաստումն է ցուցաբերած բարձր առաջադիմության և քրտնաջան աշխատանքի, ինչն, իհարկե, լավագույն խթանն է հետագայում նոր հաղթանակներ կերտելու համար»։
«Շատերի համար կարող է սա հասանելի պարգև թվալ, բայց իմ դպրոցի օրինակով կասեմ, որ մեդալի միայն շատ աշխատանք ցուցաբերած աշակերտներն են արժանանում, և իմ մեդալը ևս ձևական բնույթ չի կրում։ Ինձ համար շատ կարևոր է եղել առաջին հերթին գիտելիքը, հետո նոր մեդալը կամ այլ պարգևներ, քանի որ գիտելիքը միշտ մնայուն է։
Նշենք, որ խրախուսական ծրագիրը գործում է 2009 թվականից և հաշվի են առնվում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների գնահատականները։ Աշակերտը ստանում է ոսկե մեդալ, եթե տարեկան գնահատականը (միջին թվաբանական)՝ առանց կլորացնելու (X-XII դասարաններում) 10 է։ Աշակերտը ստանում է արծաթե մեդալ, եթե՝ տարեկան գնահատականը 9,8 և ավելի է։
Աշակերտը չի ստանում ոսկե կամ արծաթե մեդալ, եթե ուսումնական ծրագիրը հաղթահարել է էքստեռնատի ձևով։