Վրաստանի Կախեթիի շրջանի Կղվարելի քաղաքի Իլիա Ճավճավաձեի փողոցում գտնվող Իլիա Ճավճավաձեի անվան առաջին հանրակրթական դպրոցի բակում հարյուրամյա ծառեր են հատվում։ Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արդեն հատվել է ավելի քան 20 տոնածառ ու մայրի։
Տեղում աշխատողներն ասել են, որ ծառահատում է իրականացվում հին դպրոցի քանդման և նոր դպրոցի կառուցման շրջանակներում, և դրա համար ունեն համապատասխան թույլտվություն։ Թե որ ընկերությունն են ներկայացնում, բանվորները չեն ասել։
Տեղի բնակիչները բողոքում են ծառահատումների դեմ։ Քաղաքացիական ակտիվիստ, «Կղվարելի» եվրոակումբի ղեկավար Նիկա Գուրինիի խոսքով, ոչ ոք չի բացատրում, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել հատել ծառերը։
«Բնակչությունը պետք է նախօրոք իմանար, թե ինչու է ծառահատման անհրաժեշտություն ծագել: Հիմա գոնե ինչ-որ պատասխանատու պետք է ներկայանա ու բացատրություն տա։ Չեմ կարծում, որ բոլոր ծառերը վտանգ էին ներկայացնում», — ասել Գուրինին:
«Կղվարելի»-ի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Քեթևան Ճիպաշվիլին ասել է, որ ծառերը հատվում են դպրոցի շինարարության շրջանակներում։
«Նոր դպրոց պետք է կառուցվի, նախարարությունն ունի բոլոր թույլտվությունները: Ծառերը վտանգ էին ներկայացնում։ Նախագծում ամեն ինչ գրված է, ծառահատումն ապօրինի չի», — ասել Ճիպաշվիլին։
Այն բանից հետո, երբ տեղի բնակիչները բողոքել են ծառահատումների դեմ, բանվորները դադարեցրել են աշխատանքը և լքել տարածքը: