Մայիսի 20-ին Վրաստանի Կախեթիի մարզի Կղվարելի քաղաքի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա Գուրջաանիի շրջանային դատարանում հունիսի 19-ին, ժամը 13:00-ին:
Գրեթե 24 ժամ կալանքից հետո քննչական մեկուսարանից ազատ է արձակվել նաև «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ 16-ը Կղվարելիի լճի տարածքի մերձակայքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Ավելի ուշ Սագարեջոյի ոստիկանությունը ձերբակալել է Էլենե Խոշտարիային և «Ազգային շարժման» երկու անդամների։
Կղվարելիում բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով` մանր խուլիգանություն և անհնազանդություն իրավապահի օրինական պահանջին։
Ի դեպ, բողոքի ակցիաները մեկնարկեցին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովի հետ իջևանել է համալիրում, և ՌԴ արտգործնախարարի ընտանիքը Կախեթիում պատրաստվում էր հարսանիքի. հարսանիքը պետք է կազմակերպեր Լավրովի փեսայի եղբայրը՝ Ալեքսանդր Վինոկուրովը։