Ըստ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի` կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ինքն է հրաժարվել Վիքտոր Կղիփիանիի փաստաբանական ծառայությունից։
Կոբախիձեն ասել է, որ փաստաբանի ծառայություններից հրաժարումը տեղի է ունեցել կոնկրետ պատճառներով, սակայն չի հստակեցրել պատճառները։
«Վիքտոր Կղիփիանին արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանը չէ։ Նրա հայտարարությունները Բիձինա Իվանիշվիլիի հետ կապելու որոշակի սպեկուլյատիվ փորձ կա… Մենք կոնկրետ տեղեկություն ունենք, որ այն օրենքը, որը պետք է ընդունեինք, կտարածվեր Կղիփիանիի վրա՝ որպես արտաքին ազդեցության գործակալ։ Հավանաբար, սա է այն գործոններից մեկը, որ նա շատ արագ ներքաշվեց քաղաքականության մեջ։
Իմ տեղեկություններով, ոչ թե Կղիփիանին է օգնել Բիձինա Իվանիշվիլիին, այլ Իվանիշվիլին է օգնել Կղիփիանիին։ Սակայն, սա կդժվարանամ մեկնաբանել, գուցե կողմերը մեկնաբանեն»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, «երբ դու Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանն ես ու միաժամանակ դառնում ես արտաքին ազդեցության գործակալ, այս ամենն ինքնին նշանակում է, որ դու երբեք նման կեցվածքով վարչապետ չես դառնա»։ Ըստ Կոբախիձեի՝ այս պատճառն ուղղակիորեն կապված չէ շվեյցարական բանկի վեճի հետ։
Ի դեպ, մինչ օրս «Վրացական երազանքի» քարոզչությունն այն էր, որ «գործակալի» կարգավիճակը չի վերաբերելու անհատներին, վերաբերելու է միայն կազմակերպություններին։
Հիշեցնենք. Կղիփիանին քննադատել է «Գործակալների մասին» օրինագիծը։ Կղիփիանիի հետ հարցազրույցը «Ռադիո Իմեդի»-ով հեռարձակվել է մարտի 10-ին, երբ իշխող կուսակցությունն արդեն մերժել էր օրինագիծը։ Նա ասել է, որ այդ օրինագիծը քննադատության է ենթարկվել թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, և նման արձագանքը սպասելի էր։
Կղիփիանին նաև նշել է, որ այդ օրենքի նախագծի քննարկումից առաջ չի ուսումնասիրվել, թե ինչ օգուտ կբերի օրենքը կամ ինչ հավանական վնաս կհասցնի երկրին։