
«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը հարցականի տակ է, հատուկ շնորհավորանքներ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահի պաշտոնում 7-րդ ժամկետով ընտրվելու կապակցությամբ։
Կղավելաշվիլին իր ցանկությունն է հայտնել խորացնել հարաբերությունները վրաց և բելառուս ժողովուրդների միջև, ավելին՝ Կղավելաշվիլին իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակից բռնապետ Լուկաշենկոյին։
«Վրացական երազանք»-ն այս հարցում խնդիր չի տեսնում։ Չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պնդել է, թե իրենք գործում են ի շահ վրաց ժողովրդի։
«Մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք Բելառուսի հետ, հետևաբար՝ լինեն ընտրություններ, թե մի այլ բան, կան համապատասխան արարողակարգային հարցեր։ Գլխավորն այն է, որ մենք գործենք վրաց ժողովրդի շահերից ելնելով», — ասել է Պապուաշվիլին։
«Վրացական երազանք»-ի պատգամավոր Բեժան Ծաքաձեն չի հասկանում, թե ինչու Կղավելաշվիլին չպետք է շնորհավորեր Լուկաշենկոյին կրկին նախագահ դառնալու կապակցությամբ. «Ինչո՞ւ չպիտի ողջունենք։ Այդ ժողովուրդն ու այդ երկիրը նրան (Լուկաշեկոյին — հեղ.) նախագահ են ընտրել, ուստի մենք շնորհավորել ենք»:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն շնորհավորել էր հակարևմտյան հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ընդգծենք նաև, որ շուրջ 2 տարի առաջ Լուկաշենկոն Աբխազիա էր ժամանել սեպտեմբերի 28-ին, Բիճվինթայի ամառանոցում նա հանդիպել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Աբխազիա՝ որպես Վրաստանի պետական սահմանի խախտում և կոչ է արել Բելառուսին` հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը և չձեռնարկել գործողություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Լուկաշենկոյի՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիա կատարած այցը բողոքի ալիքի պատճառ դարձավ, դատապարտեցին ոչ միայն Վրաստանի իշխանություններն ու քաղաքական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, այլև Վրաստանի գործընկեր պետությունները` նույնպես։
Լուկաշենկոն խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. միջազգային արձագանքներ
Եվրամիությունը դատապարտում է Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա