Կղավելաշվիլին երդմնակալությունից հետո ստորագրել է ռեպրեսիվ օրենքները

«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին երդմնակալությունից հետո ստորագրել է այն օրենքները, որոնք չլեգիտիմացված խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 13-ին։

2024 թվականի դեկտեմբերի 29-ին «Վրաստանի օրենսդիր տեղեկագրում» հրապարակեց մի շարք օրենքներ, որոնք իրավապաշտպաններն անվանում են «ռեպրեսիվ», «սահմանափակող», «պատժիչ» և «ոչ ժողովրդավարական»։

5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով Կղավելաշվիլիի երդմնակալության օրը ռեպրեսիվ օրենքների ստորագրմանը, վերջինիս անվանել է «դե ֆակտո նախագահ» և հայտարարել. «Բռնության և բռնաճնշումների նոր ալիք՝ դե ֆակտո նախագահի երդմնակալության օրը»:

Կղավելաշվիլիի ստորագրած օրենքներից են.

  • Փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում. նախատեսում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակելու և պիրոտեխնիկայի արգելում և այլ նորմերի սահմանափակում;
  • Փոփոխություններ Քրեական օրենսգրքում՝ կապված պիրոտեխնիկական արտադրանքի պահպանման և օգտագործման հետ, նաև ապրանքների անվտանգության օրենքի փոփոխություն, որը վերաբերում է նաև պիրոտեխնիկային;
  • «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի փոփոխություն՝ դեմքը ծածկելու և պիրոտեխնիկական հրավառության մասին;
  • Ոստիկանության մասին օրենք. փոփոխությունը հեշտացնում է որոշ կատեգորիաների ծառայողների աշխատանքի անցնելը ՆԳՆ-ում;
  • Փոփոխություններ պետական ​​պաշտպանության օրենքում, որի հիման վրա Սալոմե Զուրաբիշվիլին այլևս պետական ​​պաշտպանություն չի ունենա;
  • Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, որոնց հիման վրա մեծանում է մեծամասնականների տեսակարար կշիռը քաղաքապետարաններում;
  • Փոփոխություններ հանրային ծառայության մասին օրենքում. այս փոփոխությունները, իրավապաշտպանների կարծիքով, հեշտացնում են աշխատակիցներին քաղաքական հողի վրա աշխատանքից հեռացնելը։

Կղավելաշվիլիի ստորագրած օրենքների մի մասում նշվում է, որ դրանք ուժի մեջ են մտնում ստորագրումից անմիջապես հետո, իսկ մի մասի համար տարբեր ժամկետներ են սահմանված։ Կան դեպքեր, երբ նույն օրենքի տարբեր դրույթներ տարբեր ժամանակահատվածներում են ուժի մեջ մտնում։

2024 թվականի դեկտեմբերի 30-ից գործում են հետևյալ օրենքները.

  • Հավաքների և ցույցերի ժամանակ արգելվում է օգտագործել պիրոտեխնիկական արտադրանք և լազեր. տուգանք 2000 լարի;
  • Արգելվում է դեմքը դիմակով կամ այլ միջոցներով ծածկել. տուգանք 2000 լարի;
  • Տրանսպորտային միջոցներով կազմակերպված ճանապարհ փակելը կամ խմբակային երթևեկությանը մասնակցելը, երբ ճանապարհն ամբողջությամբ զբաղեցված է.  տուգանվում է 1000 լարիի չափով և պատժվում երթևեկության իրավունքի մեկ տարով կասեցմամբ;
  • Քաղաքի արտաքին տեսքին վնաս պատճառելու համար առանց թույլտվության բողոքի տրաֆարետ/գրություն/պաստառ տեղադրելը տուգանվում է 1000 լարիով՝ մինչ այժմ գործող 50 լարի տուգանքի փոխարեն. կրկնվող տուգանքները հավասար են 2000 և 3000 լարիի;
  • ՆԳՆ համակարգում սահմանված համազգեստի կամ նման հատկանիշների ապօրինի կրելը տուգանվում է 2000 լարիով;
  • Ճանապարհը փակելու դեպքում եթե ոստիկանները համարում են, որ ցուցարարները քիչ են ճանապարհ փակելու համար, վարչական տուգանքները բարձրացվել են՝ 500-ի փոխարեն 5000 լարի, իսկ կազմակերպելու համար՝ 15 հազար լարի՝ 5000-ի փոխարեն: