Կղավելաշվիլին ընդունել է դեսպան Սմբատյանին

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը հարցականի տակ է, հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։

Կղավելաշվիլիի Facebook-յան գրառման համաձայն, հանդիպումը կայացել է այսօր՝ փետրվարի 14-ին, Օրբելիանի պալատում:

«Մենք խոսեցինք Վրաստանի և Հայաստանի միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունների և գործընկերության խորացման ապագա հեռանկարների մասին։ Քննարկեցինք նաև երկու երկրներում ընթացող քաղաքական գործընթացները և տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցերը», — գրել է Կղավելաշվիլին:

Ըստ ՀՀ դեսպանատան հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

ՀՀ դեսպանատունը փոխանցում է. «Դեսպանը շնորհավորել է Մ․Կղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում ՀՀ և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ»: