
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատերերից Դավիթ Կեզերաշվիլին կարծում է, որ ԱՄՆ-ն իրեն վիզա չի տրամադրել Վրաստանի կառավարության զրպարտչական արշավի պատճառով։
Վիզայի մերժման մասին վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց Կեզերաշվիլիի ներկայացուցիչը պարզաբանում է տարածել խնդրի վերաբերյալ։
«Սա (Կեզերաշվիլիին ուղղված մեղադրանքները — հեղ) քաղաքական որս է, որի նպատակը Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի գլխավոր քննադատներից մեկին լռեցնելն է…
Զարմանալի չէ, որ վրացական իշխանություններն այժմ իրենց զրպարտչական արշավն ուղղել են դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- նշված է Կեզերաշվիլիի ներկայացուցչի անունից «Ֆորմուլա» ՀԸ-ի տարածած մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ մինչ այժմ «Եվրոպայի յուրաքանչյուր դատարան, որը լսել է այդ մեղադրանքները, տեսել է դրանց իրական էությունը»: