Կեսարիա Աբրամիձեի սպանության համար մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Հայտնի մոդել, դերասանուհի, տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեի սպանության համար մեղադրվող Բեքա Ջաիանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման։

Որոշումն այսօր՝ 2025 թվականի ապրիլի 16-ին, հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին։

Դատավորը Բեքա Ջաիանիին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներում, այդ թվում՝ ծանր, առանձնակի դաժանությամբ կատարված սպանության՝ սեռական պատկանելության հիմքով։

Նա մեղավոր է ճանաչվել նաև գենդերային ինքնության անհանդուրժողականության հիմքով սիստեմատիկ ծեծի համար։

Արդեն դատապարտված Բեքա Ջաիանին չի ներկայացել նիստին: Նա չի ընդունում իր մեղքը։

Հիշեցնենք. Կեսարիա Աբրամիձեի դին հայտնաբերվել է 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի Ավթանդիլի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող իր բնակարանում. նա 36 տարեկան էր։

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ դանակի բազմաթիվ վնասվածքներից կինը արնահոսել է և մահացել։

26-ամյա Բեքա Ջաիանին դեպքից 6 ժամ անց ձերբակալվել է Քութաիսիի օդանավակայանում։