Վրաստանում 2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձերը կբարձրանան։
Խորհրդարանի նախագահի աշխատավարձը 6 հազար 740 լարիից կհասնի 14 հազար 600 լարիի:
Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի աշխատավարձը 6 հազար 400 լարիից կհասնի 13 հազար 432 լարիի, իսկ խորհրդարանի փոխնախագահինը՝ 6 հազար 340 լարիից` 13 հազար 140 լարիի։
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի և խմբակցության նախագահի աշխատավարձը 5 հազար 540 լարիից կդառնա 12 հազար 556 լարի, Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալինը և խմբակցության նախագահի առաջին տեղակալինը՝ 4 հազար 800 լարիից կդառնա մինչև 12 հազար 410 լարի։ Կոմիտեի նախագահի տեղակալի աշխատավարձը 4 հազար 740 լարիից կդառնա 11 հազար 972 լարի։
Խորհրդարանում պաշտոնյա չհանդիսացող պատգամավորի աշխատավարձը 4 հազար 624 լարիից կդառնա 11 հազար 680 լարի։
Հունվարի 1-ից Վրաստանում բարձրանում են նաև թոշակները, բայց աննկատ չափով։
Մասնավորապես, 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով՝ կազմելով 450 լարի։ Լեռնային բնակավայրերի նույն կատեգորիայի կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 540 լարի։
Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակները, համաձայն կառավարության ծրագրի, նույնպես կբարձրանան 35 լարիով, կկազմեն 350 լարի, իսկ լեռնային բնակավայրերում՝ 420 լարի։
35 լարիով ավելանում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական նպաստը։