
Վրաստանում կենսաթոշակային վարկերի գովազդն արգելվում է, համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի Ազգային բանկը:
Ազգային բանկի փոխանցմամբ՝ մասնակիորեն արգելվել է կենսաթոշակներով ապահովված վարկերի գովազդը։ Ըստ տեղեկության՝ բանկերին կարգելվի վարկեր առաջարկել այն թոշակառուներին, որոնց եկամուտը միայն կենսաթոշակն է և/կամ սոցիալական նպաստը։
«Առևտրային բանկերը չեն կարողանա գովազդել կենսաթոշակով ապահովված վարկերը, որոնց բովանդակությունն օգտատիրոջը կառաջարկի վարկ կենսաթոշակի կամ այլ տեսակի սոցիալական նպաստի հիման վրա։
Փոփոխության նպատակն է պաշտպանել, այսպես կոչված, խոցելի խմբերին անտեղյակ որոշումներ կայացնելուց և ծանրաբեռնվածությունից: Սա կնպաստի սպառողների ավելի հարմարեցված միջավայրի ձևավորմանը և նրանց իրավունքների պաշտպանության բարձր ստանդարտի ներդրմանը»,- հայտնել են Ազգային բանկից:
Ի դեպ, կենսաթոշակային վարկը Վրաստանում ամենաթանկ բանկային ծառայություններից է։ 2023 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով, Վրաստանում թոշակառուներին կամ սոցիալական աջակցություն ստացող անձանց տրամադրվել է ընդհանուր առմամբ 354 հազար 397 վարկ։ Թոշակառուների և սոցիալական օգնություն ստացողների կողմից ընդհանուր առմամբ փոխառվել է 401 մլն 331 հազար 743 լարի։