Վարդերի հեղափոխության 18-րդ տարվա կապակցությամբ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու քաղաքացիական ակտիվիստներն այսօր կենդանի շղթա կկազմեն, որը կմեկնարկի Ազատության հրապարակից և կավարտվի Վարդերի հրապարակում։
Միջոցառման կազմակերպիչ Նանուկա Ժորժոլիանիի խոսքով, այս ակցիայով իրենք ևս մեկ անգամ կհիշեցնեն կառավարությանը, որ հիշում են այս օրը և միևնույն ժամանակ շնորհակալություն կհայտնեն Միխեիլ Սաակաշվիլիին այս օրվա համար։
«Ժամը 17:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հանրահավաք դեպի Վարդերի հրապարակ։ Այս ակցիան երկու պատճառ ունի՝ մի կողմից իշխանությունը փորձում է այս օրը իմաստազրկել, իշխանություններին ասում ենք, որ այս երկրում կան մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են և՛ դրա կարևորությունը, և՛ այս օրվա արժեքը։ Մյուս կողմից, Միխեիլ Սաակաշվիլին պետք է իմանա, որ մենք շնորհակալ ենք այս օրվա համար։
Կենդանի շղթա է լինելու, երթ չի լինելու, խորհրդանշական կլինի նաև այն, որ շղթան կձգվի Ազատության հրապարակից դեպի Վարդերի հրապարակ»,- ասել է Ժորժոլիանին։
Դեռևս հայտնի չէ, արդյոք քաղաքական գործիչները կմիանան հանրահավաքին թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, կազմակերպիչները բոլորին հրավիրում են միանալ կենդանի շղթային։
Նշենք, որ 2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխությունից 18 տարի է անցել: 18 տարի առաջ՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանի նիստի ժամանակ ցուցարարները ներխուժեցին խորհրդարան և պահանջեցին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը: Նախագահը հրաժարական տվեց, իսկ ամիսներ անց տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր