Թբիլիսիում` Վրաստանի ազգային խորհրդարանի գրադարանում երեկ` դեկտեմբերի 2-ին Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես բացվեց և ներկայացվեց ռեժիսորի Կենդանի արվեստը։
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը:
Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց Փարաջանովին նվիրված միջոցառումների շարքի մասին և հատկապես կարևորեց այդ օրվա միջոցառումը.
«Այսօրվա միջոցառումը Փարաջանովին նվիրված միջոցառումների շարքին է պատկանում, մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները: Փարաջանովյան տարին սկսեցինք հունվարի 5-ին նրա ծննդյան օրը կազմակերպված միջոցառմամբ, այնուհետև մարտին կազմակերպված միջոցառումը` Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպված, իսկ այսօր հյուրընկալել ենք Փարաջանովի տուն-թանգարանին` նրա լուսանկարների ցուցահանդեսով և կենդանի ներկայացմամբ» ,- ասաց ՀՀ դեսպանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում:
Թբիլիսի էին ժամանել միջոցառման գաղափարի հեղինակները` Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի ներկայացուցիչները։
«Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում, հետևաբար` ողջ տարվա ընթացքում ցուցահանդեսներ և տարբեր միջոցառումներ ենք ունեցել: Սերգեյ Փարաջանովն ասում էր, որ ինքը երեք ժողովուրդների զավակ է, ի բարեբախտություն բոլոր երեք ազգերիս` Փարաջանովի արվեստը ոչ ազգ, ոչ սահմաններ է ճանաչում: Նրա ծննդյան հոբելյանական տարին նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Անհնար էր, որ Թբիլիսիում ծնված ու մեծացած մարդու հոբելյանին Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի թանգարանը որևէ ծրագիր ի կատար չածեր այստեղ», — ասաց թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում:
Ռեժիսոր Վահան Բադալյանը նշեց, որ գլխավոր նպատակն է հանդիսատեսին ցույց տալ Փարաջանովի կյանքի դաժան ուղին և ասել, որ նման կերպ չի կարելի վարվել արվեստագետի հետ:
«Որպես բեմադրիչ ես պատիվ ունեի այս տարի մեր Օպերայի և բալետի ազգային թատրոնում հիմնական հոբելյանական երեկոն բեմադրել նվիրված Սերգեյ Փարաջանովին: Այսօր այդ երեկոյից փոքրիկ հատվածներ ենք ներկայացրել թբիլիսյան հանդիսատեսին, որտեղ փորձեցինք «Նռան գույնը» ֆիլմը վերակենդանացնել, նաև իր վավերագրական մտքերին անդրադառնալ, հարցազրույցներին և այլն»: